«Ոստիկաններն այժմ կոպիտ ձևով դուրս են բերում մեր գույքը». ի՞նչ է պատմում ՊՆ նախկին շենքի բնակչուհին

Ոստիկաններն այս պահին ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհի Ռուզաննա Պողոսյանը։

 

«Մեզ տասն օր ժամանակ էին տվել իրերը տեղափոխելու համար, բայց մենք դրանք տանելու տեղ չունենք։ Ոստիկաններն այժմ կոպիտ ձեւով դուրս են բերում մեր գույքը, մենք էլ չենք կարողանում մոտենալ։ Մեզ ասել են, որ տանելու են ՊԵԿ-ից ինչ-որ կառույցի մոտ, որ մենք գնանք, վերցնենք, բայց մենք ինչպե՞ս ենք գնալու։ Համաձայն ենք՝ թող իջեցնեն, մենք վրաններում կտեղավորենք, բայց հիմա անորոշ վիճակում ենք»,- նշեց Ռուզան Պողոսյանը։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Քաղաքականություն