Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է, և եթե քաշի կորուստը շարունակվի, անդառնալի գործընթացներ կսկսվեն։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի բժիշկ Գիորգի Գրիգոլիան, 

 

«Կախեքսիան վատանում է: Այն, ինչ տեղի է ունենում Սաակաշվիլիի հետ, բնական է՝ նա նիհարում է, մկանների եւ արդեն ոսկրային հյուսվածքի քայքայման գործընթաց է ընթանում։ Դա տեղի է ունենում, քանի որ նա համարժեք բուժում չի ստանում», - լրագրողներին ասել է Գրիգոլիան: 

 

Նրա խոսքով, եթե «քաղաքական գործչի քաշը իջնի մինչեւ 55 կիլոգրամ, ապա անդառնալի գործընթացներ կսկսվեն, նա գամված կլինի անկողնուն»։ 

 

Բժիշկը նշել է, որ այս պահին Սաակաշվիլին 64 կիլոգրամ է, սակայն նիհարելու միտումը շարունակվում է։

 

Օմբուդսմենի գրասենյակի բժիշկները փետրվարի 19-ին զննել են Սաակաշվիլիին։ Բժիշկների խմբի պաշտոնական եզրակացության մեջ ասվում է, որ հիվանդի մոտ առկա է հավասարակշռության եւ համակարգման կորուստ, մտավոր ֆունկցիաների նվազում, մարմնի հյուսվածքների ինքնապառակտման գործընթաց, մկանային ատրոֆիա, չորրորդ աստիճանի կախեքսիա, ծայրամասային եւ վեգետատիվ նյարդաբանություն։

 

Քաղաքականություն