ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ երեխուն են վերցրել ու մեզ վրա ուժ կիրառել․ ՊՆ շենքի բնակիչ

Ներկա պահին քննարկում չի եղել, թե կարող ենք վերադառնալ մեր բնակարաններ, բայց մեր պահանջը նույնն է, որ վերադառնանք։ Ես ապրելու եմ իմ բնակարանում, սա է իմ տեսած լուծումը։

 

Այս մասին այսօր ՊԵԿ-ի շենքի  դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

 

Դիտարկմանը, թե ՊԵԿ-ն ասում է՝ այդ շենքը քաղաքացիներինը չէ, վերջինս պատասխանեց․

 

«ՊԵԿ-ն ա ասում, բա մինչև էս ՊԵԿ-ն ո՞ւր էր, 18 թվականից ո՞ւր էր, որ անտեր ու դուրս վատնել էին էդ տարածքը, ինչի՞ համար համազգեստով մարդիկ չէին հսկում էդ տարածքը, որ միայն թալանում էին։ Մեզ ծանուցել են, այն մարդը, որ մեզ ծանուցել է, ասում էր՝ ես էլ չեմ գա, մտնեմ էստեղ, որ ձեզ հանեմ, ասում էր՝ թոշակի կգնամ, բայց ձեզ չեմ հանի այստեղից։ ՊԵԿ-ի աշխատողներն են ասել։ Խաբել են, ուզում ենք պարզել, թե ինչի համար էր սա»։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը բնակիչներին հորդորել էր դուրս գալ շենքից, որոշների նկատմամբ էլ ուժ էր կիրառվել։ 

 

«Իմ երեխուն են վերցրել, շանս հետ տարել էին։ Մեր նկատմամբ էլ է եղել ուժի կիրառում»,-ասաց նա։

 

Ընդգծենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ, որպեսզի բնակիչներից ոչ մեկն անտուն չմնա։

 

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են տան համար, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

Քաղաքականություն