ՀՀ 10 մարզի դպրոցներում երեխաները կապահովվեն առողջ սննդով. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ սննդով: Այս մասին այսօր, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ կարևորելով ծրագրի արդյունավետ իրագործումը ՀՀ մարզային դպրոցներում: 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում ենք ներդնել նաև Երևանում: Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ հասկանալու, թե որ մոդելով է առավել արդյունավետ ծրագիրն իրագործել Երևանում: Գործընկերների հետ տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր կարելի է փաստել, որ իրականացվել են ծրագրի կարևորագույն նպատակները, որոնք են՝ համախմբել համայնքի ջանքերը և ապահովել առողջ սնունդ»,- ասել է նախարարը: 

Նա նաև նշել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները, բարելավվել ենթակառուցվածքները: Ըստ նախարարի՝ դիտարկվում է ծրագրի ընդլայնման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Կորին Ֆլեյշերին տեղեկացրել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներդրումը ՀՀ-ում կարելի է հաջողված համարել, և այն փորձը, որն արդեն շոշափելի է, կարող է օրինակ լինել նաև այլ երկրների համար:

Քաղաքականություն

Պատահարներ