ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուդանում զոհերի թիվը հասել է 100–ի, ավելի քան 365 մարդ վիրավորվել է

Սուդանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների արհմիությանը։

 

Իրավիճակը երկրում թեժանում է, սակայն կողմերից որևէ մեկը բանակցությունների և բախումների դադարեցման պատրաստակամություն չի դրսևորում, թեև համաձայնել են մարդասիրական միջանցք բացել։

Հակամարտության սրման հավանականություն կա, որին կարող է միջամտել Եգիպտոսը` հանդես գալով Սուդանի բանակի կողմում, քանի որ Արագ արձագանքման ուժերը եգիպտացի մի քանի տասնյակ զինվորականներ են գերեվարել։

 

Ապրիլի 13-ին արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ Սուդանի Արագ արձագանքման ուժերը ստորաբաժանումներ են տեղայակել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքում, Սուդանի բանակը պահանջել է նրանցից լքել այն։

 

Սուդանի բանակը հինգշաբթի գիշերը կոշտ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, որ Խարթումում և մի շարք քաղաքներում ԱԱՈւ–ի ներկայությունն անօրինական է և տեղի է ունեցել առանց ԶՈւ–ի հետ համաձայնեցնելու և համակարգելու։ ԶԼՄ–ների տվյալներով` բանակի հայտարարության պատճառը երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանի մոտ ԱԱՈւ–ի ջոկատների հանկարծակի սկսված տեղակայումն է։

 

Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։ ԱԱՈւ–ն հայտարարել է, որ Խարթումում վերահսկողության տակ է առել Հանրապետության պալատը (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մերոե քաղաքի օդակայանը։ ԱԱՈւ–ն կանոնավոր բանակին մեղադրել է «զենքի բոլոր տեսակների կիրառմամբ» մայրաքաղաքի իր ռազմակայանի վրա հարձակվելու համար։ Սուդանի բանակը հայտարարել է, որ ԱԱՈւ–ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը։ Զինվորականները նշել են նաև, որ ԱԱՈւ–ն առաջինն է հարձակվել իրենց վրա։

 

Բանակն ու Սուդանի ընդհանուր անվտանգության ծառայությունը ԱԱՈւ–ին խռովարար ուժ են հայտարարել և մեղադրել պետական և ռազմավարական օբյեկտները գրոհելու մեջ։ Սուդանի անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար և երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Բուրհանը հրամանագիր է ստորագրել ԱԱՈւ–ի կազմացրման վերաբերյալ։

 

 

Պատահարներ