Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը. ՀՀ առաջին նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի նոր հոդվածը` նվիրված Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

 

«Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան:

 

Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: 

Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել հետևյալ դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացնում. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»:

 

Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: 

Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը: 

 

Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Փաշինյանի հոգեկան տվայտանքների ելքը միակն է՝ նա պետք է ընտրություն կատարի նշված տարբերակներից կամ մեկի կամ մյուսի միջև: Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ»:

 

Պատահարներ