Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ունեցել է մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ ու քննարկել մարդու իրավունքների, ՄԻԵԴ վճիռների ու դրանց կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման մասին տարբեր հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

 

Հանդիպումների ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները անդրադարձ են կատարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։

 

Ներկայացրել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:

 

Քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր:

 

Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը։

Աննա Վարդապետյանը Ստրասբուգում հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ ու քննարկել Երևանում կայանալիք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովի մանրամասները, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը։

 

 

 

 

Քաղաքականություն