Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի մեկնաբանությանը, որը վերաբերում է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային: Մարուքյանը գրել է. 

 

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ հերթական չսադրված հարձակումն ադրբեջանական բանակի կողմից, որը հայտնի է «Իսլամական պետության»-ը հատուկ մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը:

Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»։

 

Հիշեցնենք, որ Պատելը, մեկնաբանելով կատարվածը, ասել էր.

 

«Այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով»:
 

Քաղաքականություն