ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Թուրքիայում ընտրությունների ցանկացած հաղթողի հետ

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թուրքիայում համընդհանուր ընտրություններն անցել են խաղաղ եղանակով, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ով կդառնա Թուրքիայի նախագահ, սակայն ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական գործչի հետ։ 

«Մենք շնորհավորում ենք թուրք ժողովրդին խաղաղ կամարտահայտության համար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհամբեր սպասում է աշխատելու նրա հետ, ով կհաղթի ընտրություններում: Կրկին, դա դեռ պարզ չէ», - ասել է Քիրբին: 

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Թուրքիայի ղեկավարության կազմը պետք է որոշի այդ պետության ժողովուրդը։ Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կհետևի երկրում տիրող իրավիճակին։ 

Ավելի վաղ Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ վստահ է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մեջ։

Քաղաքականություն