Բաքուն «հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգ է առաջարկել». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով կրկին ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել՝ հայտարարելով, թե ԼՂ-ի հակամարտությունն ավարտվել է։ 

 

«Ղարաբաղյան հակամարտության ավարտը հնարավորություններ և իրական հեռանկարներ է ստեղծել խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության և հաշտեցման ապահովման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու համար։ Մենք հավատարիմ ենք «Ղարաբաղի տարածաշրջանում» ապրող էթնիկ հայերին Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական կյանքին՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրմանը»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե 

Բաքուն «հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգ է առաջարկել»։ 

 

«Երկու կողմերն էլ բանակցում են երկկողմ համաձայնագրի տեքստի շուրջ, որը կդառնա միջպետական ​​հարաբերությունների հիմքը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց պետական ​​սահմանների անձեռնմխելիության վրա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ չնայած վերջին ամիսներին անցկացված մի շարք բանակցություններին՝ առաջընթացը դեռ չի համապատասխանում Բաքվի ակնկալիքներին: 

 

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում միջազգային հանրության ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ի դեպ, Բայրամովն այդպես էլ չի նշել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:



 

Քաղաքականություն