Գաղտնի վայրում պարկ տեղադրելը արժե 5-6 դոլար. Ագնեսա Խամոյանը` թմրանյութերի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձել է թմրանյութի թեմային: Ըստ պատգամավորի` երիտասարդների շրջանում է հատկապես տարածված թմրամոլությունը։ 

 

«Դա գալիս է նրանից, որ այդ սինթետիկ թմրամիջոցները բավականին մատչելի են երիտասարդների համար։ Այո, երիտասարդները հիմնականում հենց այդ սինթետիկ թմրամիջոցներն են օգտագորում, խոսքը մասնավորապես մեթամֆետամինի մասին է։ Հենց մատչելիությունն է հնարվորություն տալիս երիտասարդներին մեկ անգամ փորձել, երկրորդ ու երրորդ անգամ ու այդպես ընկնել կախվածության մեջ»։

 

«Ուզում եմ տեղեկացնել, որ թմրանյութ օգտագործող կանանց թիվն է հատկապես ավելացել։ Ավելացել է նաև անչափահաս օգտագործողների թիվը։ Կոնկրետ սխեմա է հիմա գործում թմրամիջոցների իրացման։ Այսինքն՝ վաճառողն ու գնորդը ըստ էության իրար չեն հանդիպում, այգիների քարերի տակ թմրամիջոցներ դնողները միմյանց չեն հանդիպում։ Ի դեպ, իրացնողների մեջ էլ մեծ դեր են զբաղեցնում կանայք ու անչափահասները, որովհետև իրականում դա հեշտ գումար աշխատելու միջոց է։ Պարկ տեղադրելը գաղտնի վայրում օրինակ վճարվում է 5-6 դոլար։ Դուք պատկերացնու՞մ եք՝ օրական մոտ 50 պարկ տեղադրեն»,- հավելել է նա։

 

 

Քաղաքականություն