Հայաստանը, Ադրբեջանը և Սերբիան չեն ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին ԵԽ համաձայնագիրը

Հայաստանը չի ստորագրել հակամարտության ընթացքում Ուկրաինային հասցված վնասի գնահատման ռեգիստր ստեղծելու մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը, գրում է Sputnik Armenia-ն։

 

Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունված համաձայնագրում, այն պետք է հիմք դառնա միջազգային փոխհատուցումների մեխանիզմի համար: Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներ, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Եվրամիության վարչակազմը:

 

Եվրոպայի խորհուրդը նաև կոչ է արել Ռուսաստանին զորքերը դուրս բերել Ուկրաինայից, Վրաստանից (Հարավային Օսեթիա, Աբխազիա - խմբ.) և Մոլդովայից (Մերձդնեստր-խմբ.):

 

Բացի այդ, հռչակագիր է ընդունվել ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վիճակի մասին՝ կոչ անելով երկրներին աջակցել Ուկրաինայի իշխանություններին և «ապահովել ռուսական ուժերի կողմից անօրինական կերպով դուրս բերված երեխաների անհապաղ վերադարձը»:

 Միաժամանակ նշվում է` եվրոպական այն երկրները, որոնք Ուկրաինայից երեխաներ են ընդունել, պետք է նյութական օգնություն ստանան։

Հայտարարությունը չեն ստորագրել նաև Ադրբեջանն ու Սերբիան։

Քաղաքականություն