ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. Փաշինյան

 Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Փաշինյանը մասնավորապես, նշել է.

 

«Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ:

 

2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

 

Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:

 

Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:

Քաղաքականություն