Պուտինը՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման համաձայնագրի մասին

Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը:

 

«Մենք հույս ունենք, որ եռակողմ ձևաչափով, ադրբեջանական կողմի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» երթուղով երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման և բեռնափոխադրումների վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստումն արագ կավարտվի»,-ասել է Պուտինը:

 

Նա հավելել է, որ այդպիսով անհրաժեշտ իրավական հիմք կձևավորվի երեք երկրների հետագա հաջող համակարգման համար:

 

Ռաշտ–Աստարա երկաթգիծը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան) ձգվող 7,2 հազար կմ երկարությամբ մուլտիմոդալ երթուղու մի հատվածն է։ Այն այլընտրանք է Սուեզի ջրանցքով Եվրոպան, Պարսից ծոցի և Հնդկական Օվկիանոսի երկրները կապող ծովային ուղուն:

 

Իրանը Ռաշտ–Աստարա երկաթգծի կառուցման նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել է դեռևս 2005 թվականին, բայց շինարարության ակտիվ փուլը սկսվել է 2018 թվականին։

Քաղաքականություն