ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովի դուստրը և փեսան ժամանել են Վրաստան. հայտնի է պատճառը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան (Լավրովա), Վրաստանում է։ Այս մասին հայտնում են տեղի լրատվականները: 

Լրագրողների տեղեկություններով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի ընտանիքը եկել էր Կախեթում շքեղ հարսանիքի մասնակցելու։

 

Լրատվականների տվյալներով՝ ռուս գործարար Ալեքսանդր Վինոկուրովի եղբայրը, ով Լավրովի փեսան է, ամուսնանում է։ 

 

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ որոշել են հարսանիքը նշել Kvareli Lake Resort համալիրում, ինչի պատճառով հյուրանոցը փակվել է այլ այցելուների ընդունելու համար։ Մեկ այլ համալիր կոչվում է՝ Akhasheni Wine Resort & Spa:

 

Երկու հյուրանոցներն էլ հայտարարություններ են տարածել՝ պնդելով, որ իրենց տարածքում Լավրով անունով հյուր չկա։ Վինոկուրովա ազգանունով հյուրի մասին հյուրանոցի ղեկավարությունը չի հստակեցրել։ Akhasheni Wine Resort & Spa-ն հերթական հայտարարությունն է արել, որ այստեղ ոչ մի միջոցառում, այդ թվում՝ հարսանիք չի նախատեսվում։

 

Mtavari TV-ն հայտնել է, որ իրենց լրագրողը զանգահարել է հյուրանոց՝ պնդելով, որ ինքը ծաղկի խանութի առաքիչ է։ Լրագրողը հայտնել է, որ ծաղկեփունջի առաքումը պատվիրվել է Եկատերինա Լավրովայի անունով, և խնդրել է ճշտել՝ արդյոք հյուրն արդեն ժամանել է այդ վայր։ Հյուրանոցի ներկայացուցիչը ժամանակ է խնդրել պարզաբանելու համար, որից հետո հաստատել է, որ ծաղկեփունջը կարող է ուղարկվել։
Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ հարցումներ են ուղարկել ՆԳՆ և սպասում են տեղեկատվության պարզաբանմանը։

 

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները չեն մեկնաբանում Սերգեյ Լավրովի հարազատների՝ երկիր այցի մասին տեղեկատվությունը։ Մոսկվայի գլխավոր դիվանագետի ընտանիքի անդամները, ինչպես նա, ներառված են արևմտյան երկրների պատժամիջոցների ցուցակներում։

 

Վրացիները հավաքվել են Կախեթիի հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, իջեւանել է Լավրովի դուստրը։

 

Հիշեցնենք` Արմատական ​​ընդդիմության ներկայացուցիչները Թբիլիսիում երեկոյան բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման։ 

Քաղաքականություն