«Ռուսները դժվարությամբ են կարողանում առաջ շարժվել». Մակրոնը՝ Բախմուտի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ճապոնիայում անցկացվող  G7-ի գագաթնաժողովը հնարավորություն է Ուկրաինայի հակամարտության հարցում համոզել «Գլոբալ Հարավի» զարգացող խոշոր երկրներին, ինչպիսիք են Հնդկաստանն ու Բրազիլիան, տեղեկացնում է Reuters-ը։ 

Մակրոնը հայտարարել է, որ Հիրոսիմայի գագաթնաժողովը «միասնության գագաթնաժողով էր, հատկապես Ուկրաինայի համար և ուղղված էր խաղաղության համար շրջանակների ստեղծմանը, որը պետք է ամուր լինի, հիմնված չլինի հրադադարի վրա, որը կարող է հանգեցնել հակամարտության սառեցմանը, և պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»։ 

«Այս պատերազմը միայն եվրոպական չէ,- ասել է Ֆրանսիայի նախագահը։- Սա քննարկելու, կարծիքներ փոխանակելու  և գործընկերներին G7-ի ընդլայնման մեջ համոզելու հնարավորություն է․․․ Հնդկաստանը, Բրազիլիան, Ինդոնեզիան և հարավի մի քանի այլ երկրներ, որոնք  Ուկրաինայի խնդրին հաճախ չեն առնչվել»։ 

Նա ասել է, որ Զելենսկին տեղերում կբացատրի իրավիճակը, այն դեպքում, երբ G7-ը՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան, «կընդգծեն միջազգային կարգի հիմունքները և ՄԱԿ-ի կանոնադրությանը հետևելու կարևորությունը»։ 

«Սա թույլ է տալիս Զելենսկուն հայտարարել իր մասին աշխարհի ուժեղների առաջ, որոնք, երբեմն, ենթարկվում են միայն մեկ դիսկուրսի ազդեցությանը։ Եվ ես ասում եմ սա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի խումբը։ 

Նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի հարավի ավերված Բախմուտ քաղաքի իրադարձությունները, որը ռազմական գործողությունների կենտրոն էր մի քանի ամիսների ընթացքում, և որը, ինչպես շաբաթ հայտարարեց Ռուսաստանը, իր լիակատար վերահսկողության տակ է։ 

«Ես խելամիտ կմնամ։ Այդ մարտը, որ սկսվել էր դեկտեմբերին, ցույց է տալիս, թե ինչ դժվարությամբ են ռուսները կարողանում առաջ շարժվել»,- ավելացրել է Ֆրանսիայի նախագահը։ 

 

Քաղաքականություն