Շոլցը՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մասին

F-16 կործանիչների համար ուկրաինական օդաչուներ պատրաստելու դաշնակիցների պոտենցիալ ծրագրերը ազդանշան էին Ռուսաստանին՝ անգամ ձգձգվող հակամարտության պայմաններում Ուկրաինա ներխուժելիս հաջողություն չակնկալելու համար, կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է Reuters-ը։ 

Կիևը չի հասել ինքնաթիռների տրամադրման պարտավորությունների, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ հայտնել են G7-ի առաջնորդներին, որ Վաշինգտոնն աջակցում է F-16 կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման համատեղ ծրագրերը։ 

Ուկրաինայի կողմից ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերումն ու օգտագործումը նրբանկատ խնդիր է «Մեծ յոթնյակի» երկրների համար, որոնք աստիճանաբար մեծացնում են իրենց սատարումը Կիևին 15-ամսյա պատերազմում, սակայն զգուշանում են ավելի հեռուն գնալ, Մոսկվային չսադրելու պատճառով։ 

«Օդաչուներ պատրաստելը երկարատև ծրագիր է,- ասել է Շոլցը ճապոնական Հիրոսիմա քաղաքում G7-ի գագաթնաժողովից մեկնելուց առաջ։- ԱՄՆ-ն դեռ վերջնականապես չի որոշել՝ ինչ կլինի վերջում։ Նախագիծն ուղերձ է պարունակում Ռուսաստանի համար։ Ռուսաստանը չի կարող հաղթանակի հույս ունենալ, եթե մտադիր է երկարատև պատերազմ վարել»։ 

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր երկիրը համագործակցելու է Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի հետ՝ «Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օդային պոտենցիալ տրամադրելու համար»։ 

Ֆրանսիայի զինվորական պաշտոնյան, որը լրագրողների համար ասուլիս էր անցկացնում G7-ում, զգուշավոր էր այս գործընթացի հարցում՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի դեպքում առաջարկը վերաբերել է օդաչուների բազային պատրաստմանը։ 

Ըստ նրա, Կիևի հետ բանակցությունները շարունակվում են, և ներկա պահին ուկրաինական ոչ մի օդաչու Ֆրանսիայում չի պատրաստվում։ 

Ֆրանսիան F-16 կործանիչներ չունի, միայն ֆրանսիական արտադրության  Rafale ինքնաթիռներ և նախորդ սերնդի Mirage 2000 ռեակտիվ ինքնաթիռներ։ 

Պաշտոնյան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի արտադրության ռազմական ինքնաթիռի կառավարումը զրոյից մարդուն սովորեցնելը կարող է չորս տարի պահանջել, մինչդեռ ուկրաինական ռեակտիվ ինքնաթիռներին սովոր փորձառու օդաչուի համար պետք կլինի 4-9 ամիս։ 

«Սա մոտակա առաջնահերթություն չէ Ուկրաինայի համար։ Մենք գտնվում ենք հակահարձակման փուլում, և այս վարժանքը պատրաստ կլինի ոչ թե մոտակա շաբաթներին, այլ երկարատև հեռանկարում»,- ասել է նա։  


 

Քաղաքականություն