ՌԴ-ում ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չկա․ Պուտին

Ներկայումս Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողների հետ հանդիպմանը։ 

Հարցին, թե ինչպես է Ռուսաստանը «կռվելու թշնամու գործակալների դեմ»՝ կապված Դարիա Դուգինայի և Վլադլեն Տատարսկու սպանությունների, ինչպես նաև Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի հետ, Պուտինը պատասխանել է, թե այս պայքարի որոշ արդյունքներ «հանրային են դառնում»։ Նա նշել է, որ խոսքը գնում է «հարևան պետության գործակալների, հետախույզների» կալանավորման մասին։ 

«Բայց ես ուզում եմ մի բան նշել»,- շարունակել է Պուտինը։ 

 

«Մենք, ի տարբերություն այսօրվա ուկրաինական իշխանությունների, չենք կարող ահաբեկչական մեթոդներ կիրառել։ Մենք դեռ ունենք պետություն, երկիր, իսկ այնտեղ ռեժիմ է։ Եվ նրանք իրականում գործում են որպես տեռորի վրա հիմնված ռեժիմ։ Նրանք ունեն շատ խիստ հակահետախուզական ռեժիմ, ռազմական դրություն։ Չեմ կարծում, որ մենք հիմա պետք է գնանք դրան։ Պարզապես պետք է բարելավել ու ընդլայնել իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատանքը»,- ասել է նա։ 

Հանդիպմանը Պուտինը ասել է, որ այսօր լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չկա։ «Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում։ ․․․ Մենք պետք է լուծենք մոբիլիզացիայի հարցը՝ կախված նրանից, թե ինչ նպատակներ ենք դնում մեր առջեւ։ Այսօր նման անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ 

Պուտինը հայտնել է, որ տարեսկզբից ՌԴ ՊՆ-ն որպես պայմանագրային զինծառայողներ և կամավորներ հավաքագրել են 156 հազար մարդու։ Անցած շաբաթվա ընթացքում, նշել է նա, պայմանագրեր են կնքվել 9,5 հազար մարդու հետ։ «Այս պայմաններում ՊՆ-ն հայտնում է, որ, իհարկե, այսօր մոբիլիզացիայի կարիք չկա»,- եզրափակել է նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ