ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձայնագրություն է հրապարակվել․ պատասխանատու զինվորականը հանգիստ լսում է կացարանի հրդեհի մասին

Ազատի զինվորական կացարանում մի գիշերում մոխրացած 15 զինվորների ծնողների ձեռքում վերջերս հայտնվել է մի հեռախոսային ձայնագրություն. օրապահ զինծառայողը վաշտը ղեկավարող զինվորականներից մեկին զեկուցում է հրդեհի մասին: «Ինչ հանգիստ է լսում պատասխանատու զինվորականը», - ապշած է զոհված զինծառայողներից Միշա Դումիկյանի հայրը, փոխանցում է Azatutyun-ը։ 

 

«Ոնց որ սպասելիս լինեն, ոնց որ սովորական էլի», - ասել է Կարեն Դումիկյանը:

 

Զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ նշել է. «Ո՞վ է պատասխանատուն, այսինքն, ո՞վ է պատասխանատուն, էդ պետք է լիներ իրա մինիմում 10-րդ հարցը: Ո՛չ խուճապ, ո՛չ բան»:

 

Հունվարի 19- ի գիշերը՝ 1:12-ին է այս զանգը եղել՝ կրակն արդեն ամբողջությամբ տարածված, 15 զինվորները ներսում:

 

«30 րոպեի ընթացքում էդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է», - ասել է Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:

 

Ծնողների փաստաբանը վստահ է՝ սպա Եղիշե Հակոբյանի մի սուրճի բաժակի չափով բենզինը վառարանի կրակի վրա լցնելը չէր կարող այսպիսի ողբերգության պատճառ դառնալ: Ըստ փորձաքննության, 15 զինծառայողների մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են։

Քաղաքականություն