Մենք շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Պեսկով

Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։


«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին, մենք պահպանում ենք մեր կառուցողական, գործընկերային հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները և զգում ենք փոխադարձությունը թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

Ինչպես նշել է Պեսկովը, Թուրքիայի ղեկավարը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ կատարելով միջնորդի դեր։ Եվ դա միշտ բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Խոսելով Էրդողանի և ռուս գործընկերոջ միջև հետագա հանդիպման հնարավորության մասին՝ Կրեմլի խոսնակը չի բացառել դա։

 

«Ինչ վերաբերում է առաջիկա շփումներին, մենք չենք բացառել դա։ Պուտինն ու Էրդողանը հաճախ են շփվում, մենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Նախօրեին՝ հուլիսի 6-ին, Էրդողանի գրասենյակը հաստատել էր, որ  հուլիսի 7-ին Ստամբուլում տեղի է ունենալու էրդողան-Զելենսկի հանդիպումը։ Նշվել է, որ հանդիպումից հետո Վահդեթտինի տաղավարում (Թուրքիայի ղեկավարի նստավայրերից մեկը) կարող է տեղի ունենալ մամուլի ասուլիս։

 

 

Քաղաքականություն