Էրդողանը հայտնել է, թե Վլադիմիր Պուտինը երբ կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի իր երկիր: Էրդողանի խոսքը մեջբերում է CNN Turk-ը։

 

«Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազմագերիների դեմ առ դեմ փոխանակման թեման», - ասել է Էրդողանը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:

 

Էրդողանն ավելացրել է, որ նրանք մտադիր են քննարկել նաև հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը:

 

Ավելի ուշ նա նշել էր, որ Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է կայանալ «առաջիկա երկու ամիսներին»:

 

Հիշեցնենք, որ Զելենսկու այցը Ստամբուլ տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, հացահատիկի գործարքը, Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը:

 

Բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելու:

 

Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա, սակայն չի հստակեցրել՝ երբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ