Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը հուլիսի 7-ին Զելենսկու հետ առանձնազրույց է ունեցել Ստամբուլի Վահդեթին առանձնատանը, հանդիպումը տևել է ավելի քան 2,5 ժամ:

 

«Անկասկած, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,-ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ:

 

Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ հենց սկզբից իր երկիրը համերաշխություն է ցուցաբերել Ուկրաինային և օգնություն է տրամադրել նրան տարբեր ոլորտներում: Էրդողանն ասել է` Թուրքիան այն երկիրն էր, որն «առավել ինտենսիվ ջանքեր էր գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար»:

 

Նա նաև տեղեկացրել է, որ շարունակվում են ջանքերը կողմերի միջև գերիների փոխանակման ուղղությամբ, շեշտել, որ հակամարտության կողմերի միջև խաղաղության ձեռքբերումից պարտվողներ չեն լինի։

 

«Մեր անկեղծ ցանկությունն է, որ երկու կողմերն էլ վերադառնան խաղաղության՝ չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին»,- նշել է նա:

 

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Զելենսկին խոստովանել է, որ Կիևը անդամակցություն չի ստանա մինչև Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անդամակցության պայմաններից մեկը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակն է:

Քաղաքականություն