Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան

Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նա անդրադարձել է արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։  

 

«Այս պահին  կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- նշել է նախարարը:

 

Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշել է, որ   այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում:

 

«Դեղորայքային ռեսուրսներն Արցախում,  իհարկե, անսպառ չեն․ այս  իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը:

 

«Այս բոլոր փաստերը փոխանցվում են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական դատարանում Հայասատանի  ներկայացուցչական խմբին և այլն: Այս ամենը նաև  փաստագրվում է, որպեսզի հետո հիմք հանդիսանա որոշակի պատժամիջոցների համար: Այս պահին պատասխանները գոհացնող չեն, քանի որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ»,- եզրափակել է նախարարը:

Քաղաքականություն