ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը փակուղում է. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգ է առել, այլեւ փակուղի է մտել։

 

«Մենք ունենք անդամակցության գործընթացների հետ կապված շատ հստակ կանոններ, եւ այն, որ Թուրքիայի հետ կապված գործընթացները վերջին տարիներին ոչ միայն կանգ են առել, այլ, ես կասեի, խորապես սառել են, բացատրվում է նրանով, որ հիմնական պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվում, այլեւ հեռու են իրականացումից»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Բերբոքի այս խոսքերը։

 

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել կապերը Թուրքիայի հետ, քանի որ «Թուրքիայի հետ հարեւանությունը չափազանց կարեւոր է»։

 

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված բանակցային գործընթացն արագացնելու մտադրության մասին։

Քաղաքականություն