ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը հերքում է «Financial Times»–ին. ՀՀ–ից ՌԴ մեքենաների արտահանումը չի ավելացել

ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։

 

«Չգիտեմ՝ որ լրատվամիջոցը, որ լոբբինգի, ինչ ազդեցության տակ ինչ նյութեր է տպագրում, այնուամենայնիվ, մենք մեր գործընկերների հետ բաց եւ պարզ եղանակով համագործակցել ենք:

 

Ի դեպ, այդ լրատվամիջոցը ի սկզբանե դիմել էր մեզ, սակայն մեր պատասխանը, մեր մեկնաբանությունները կամ մեր թվերը ներկայացված չէին այդ հրապարակման մեջ։ Մենք, օրինակ, նշել էինք, որ նաեւ 2019-ին մեքենաների շատ մեծ հոսք կար Հայաստան, որը սանկցիաների հետ կապված չէր»,– ընդգծել է Բադասյանը։

 

Նա նաև ավելացրել է, որ ոչ բոլոր մեքենաներն են պատժամիջոցների տակ, բացի այդ, հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։

 

Հիշեցնենք, որ 2022 թ նոյեմբերի 18–ին ասուլիսի ժամանակ Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո 4-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ 2022 թ վերջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։

Քաղաքականություն