«Արցախում վիճակը կրիտիկական է. կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում». Ավանեսյան

Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Ժամանակի ընթացքում ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,–ասել է Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

 

«Բարդ է տարբերակել թիվը։ Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող վտանգ սպառնալ»,–ասել է նա։

 

Ավանեսյանը նաև նշել է, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Սակայն այս պահին Ստեփանակերտի իրենց գործընկերները մայրիկներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդների կարիքը քիչ լինի։

 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։

«Բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք` նաև միջազգային կառույցների առջև պահանջներ դնելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։Այս դեպքում Կարմիր խաչը ունի մանդատ նմանիրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,–ասել է նախարարը։

 

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

 

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Քաղաքականություն