Այս պահին քաղցկեղով հիվանդին չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ․ Հաթերքի համայնքապետ

Պաշարված Արցախում հումանիտար ճգնաժամը, առանց չափազացնության, խորանում է արդեն ժամ առ ժամ։ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից քաղցկեղով հիվանդ տղամարդուն չեն կարողանում տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց․ վառելիք չկա։ 

«Չենք կարողանում հիվանդներին հասցնել Ստեփանակերտ։ Որ գոնե մեկ-մեկ տրանսպորտ էր աշխատում, մարդիկ գնում էին, հիմա դա էլ չկա։ Օրվա ընթացքում քանի-քանիսը դիմում են էդ հարցով․ մարդիկ զանգում, լացում են, թե հիվանդանոց պիտի գնանք, բայց ոչնչով չեմ կարողանում օգնել․․․ Անճար մարդիկ են էլի․․․Շատ էլ ուզում եմ օգնած լինեմ, բայց ո՞նց օգնեմ, որ ոչ մի հնարավորություն չկա ձեռքից տակ»,- «Փաստինֆո»-ին ասել է Հաթերքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։ 

Լուրջ վտանգի տակ են նաև հղիները․ պարտադիր ստուգումների գնալ չեն կարողանում։ 

«Օրեր առաջ մի վիժում արդեն եղել է։ Պիտի պարբերաբար ստուգումների գնար հղին, չի կարողացել, հնարավորություն չի եղել ու վիժել է․․․ Հիմա էնքան են դիմում․․․ Դե, մեծ գյուղ է, 2000 բնակիչ ունենք, օրը քանի հոգի տարբեր խնդրով զանգում է, բայց ի՞նչ անեմ, ձեռքովս ի՞նչ է գալիս, որ անեմ»,- ասում է Գրիգորյանը։ 

Վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ բնակիչների առողջական խնդիրներն այնքան են սրվել, որ սննդի խնդիրը երկրորդ պլան է մղվել։ Գյուղապետն ասում է՝ ուտելիքի խնդիրն էլի լուծվում է մի կերպ, բայց անհետաձգելի խնդիրներ կան, որ հրատապ լուծում են պահանջում։ 

Հաթերքում, ինչպես Արցախի մնացած գյուղերում ևս, ցորենն էլ չեն կարողանում հնձել․ վառելիք չկա։ 

«Ոչ վառելիք կա, ոչ ճանապարհ․․․ Սելավները քանդել են ճանապարհը, կոմբայնը չի կարողանում մտնել դաշտ։ Էսօր մի կերպ սարքեցինք, որ կարողանան մտնի։ Ամենուր խնդիրներ են, չգիտեմ․․․»։ 

Դեռ 40 -50 հա ցորեն են հնձել գյուղացիները։ Լիակտար պաշարման պայմաններում եղած քիչ թե շատ բերքը հավաքելը հիմա կենսական նշանակություն ունի Արցախի համար։

Քաղաքականություն