ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված  Ռաշիդ Բեգլարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց  լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր  են  ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:

 

Զառա Ամատունին նշել է, որ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված  Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:

 

«Մեր  պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը  և ծանոթանան պահման պայմաններին»,-ասել է Ամատունին:

Քաղաքականություն