Քրոջն անհանգստացնելու պատճառով վեճ և դանակահարություն է տեղի ունեցել

Հրազդանում 16-19 տարեկան երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, պատճառը` երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որի մասին ահազանգը «Հրազդան» ԲԿ–ից ստացվել է ժամը 23։38-ի սահմաններում։ Նրանց մոտ կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որը սկզբում հայտնել է, որ բարձրությունից ընկել է։

 

«Երիտասարդին Հրազդանից տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը հասցվել է սուր կտրող–ծակող առարկայով, ոչ բարձրությունից ընկնելու հետևանքով։ Կատարված օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միկրոշրջանի մի շենքի մոտակայքում վիճաբանություն է եղել 16-19 տարեկան երիտասարդների միջև. չորսը` երկուսի դեմ: Վեճի պատճառը երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն է եղել: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը դանակահարվել է»,– ասված է հաղորդագրությունում։

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

 

Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք:

 

Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն