ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նպատակն է, որ ծխողների համար ստեղծենք դիսկոմֆորտ». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսել է սրճարաններում ծխելն արգելող դրույթի չպահպանման մասին։ Նա պարզաբանումներ է պահանջել պատասխանատու մարմիններից։

 

Ի պատասխան՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը 2023թ. ցուցանիշներ է ներկայացրել՝ անվանելով վիճակը մտահոգիչ. «2023թ. մինչ այսօր կազմվել է 7186 վարչական արձանագրություն, որից 790-ը հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ։ Արգելված վայրերում ծխելու 6044 վարչական արձանագրություն կա»,- հայտնել է նա՝ հավելելով, որ 352 պաշտոնատար անձի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն. 

 

«Կակտիվացնենք, ամեն ինչ կանենք, որ ունենանք դրական արդյունքներ»,- ասել է նախարարը։

 

Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, թե նպատակը ոչ թե մարդկանց տուգանելը պետք է լինի, այլ՝ որ սկսեն չծխել. «Պատասխանատվությունը պետք է դնենք նաև սեփականատերերի ու աշխատողների վրա»,- ասել է նա։

 

Մեկնաբանելով այդ որոշումների նպատակը՝ վարչապետը նշել է. «Նպատակն այն է, որ ծխողների համար ստեղծենք դիսկոմֆորտ, որ հարմարավետ չլինի ծխել։ Ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով արգելակել ծխելու հնարավորությունը»։

 

Ըստ նրա՝ սա արվում է ոչ թե կառավարության համար, այլ հենց քաղաքացու. «Սա անում ենք քաղաքացու, երկրի համար։ Սա առողջության հարց է, էկոլոգիական իրավիճակի հարց է»։

 

Վարչապետը դժգոհել է, որ նաև խանութներում չի պահպանվում նաև ծխախոտի ստենդերը փակելու մասին որոշումը։

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ այս համատեքստում նշել է. «Վարքագծային փոփոխությունները դժվար են իրականանում, բոլոր երկրներում է այդպես եղել, բայց մենք ունենք որոշակի փոփոխություններ»։ Ըստ Ավանեսյանի՝ հարցումների արդյունքում պարզվել է, որ ծխողների շրջանում քանակի նվազում կա: Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել են աջակցող ինստիտուտներ մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը. «Մեր թեժ գիծը բավական ակտիվացել է, անգամ անչափահասների կողմից են լինում դիմումներ, և մենք աջակցում ենք, որ մարդը, կիրառելով հոգեբանական և այլ միջոցներ, թողնի վնասակար սովորությունը»։

Քաղաքականություն