Առևանգված տղաներից երկուսը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ է նշանադրվել

Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդներն էլ ֆուտբոլիստ էին, ֆուտբոլի մեծ երկրպագու։ Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ էր նշանադրվել։ Այս մասին գրում է MediaHub-ը։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում տղաների ընկերներից մեկը պատմել է, որ երեքի ընտանիքներն էլ ծանր վիճակում են, տեղի ունեցածն իրենց համար անհասկանալի ու անելանելի խնդիր է։

 

Հարցին՝ Հայաստան եկող տղաները չգիտեի՞ն, որ թիրախավորված են թշնամու կողմից, վերջինս պատասխանել է․

 

«Երկու տարի առաջ այդ մասին իմացանք ադրբեջանական մամուլից, հետո կարծում էինք, որ խաղաղվեց։ Բայց այդ ցուցակները ծնողների մոտ կամ իրենք իրենց մոտ պիտի չպահեին, այլ պետությունը պիտի դրա մասին իմանար ու հետևեր, չարեց»։

 

Կայքը նշում է, որ Ալենը Երևան էր գալիս  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսումը շարունակելու, Լևոնը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ էր ընդունվել։


Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե երիտասարդները ձերբակալվել են Ադրբեջանի դրոշն անարգելու համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել էր, որ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում են կայացրել, նրանք 10-օրյա կալանքից հետո «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Քաղաքականություն