Կապանի երաժշտական դպրոցի տնօրենը դստեր անունով գումար է հափշտակել պետական բյուջեից

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը կատարել է պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել է 1 մլն 816 հազար դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, աշխատանքի է ընդունել իր դստերը` որպես գործավարի։ Դուստրը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։

 

«Դստեր աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ը, Լ. Վ.-ն յուրանաչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար»,- հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

 

Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը):

 

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ