Կորոնավիրուսի նոր շտամները արագ տարածվում են․ Ֆրանսիայի առողջապահության նախարարության կոչը

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր շտամների տարածմամբ, France 2-ի եթերում ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օրելիեն Ռուսսոն։ 

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր փուլը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, բայց   կարող է ավելի շուտ սկսվել, եթե նոր Covid-ի նոր շտամը տարածվի մեծ տեմպերով»,- ասել է նա։ 

Օրելիեն Ռուսսոն ֆրանսիացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել և անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ, ինչպես նաև Քովիդով վարակվելու դեպքում ինքնամեկուսանալ։ 

Տարեսկզբին Ֆրանսիայի իշխանությունները, համավարակի նահանջով պայմանավորված, չեղարկել էին COVID-19-ով հիվանդների պարտադիր մեկուսացումը։ Վիճակագրության համաձայն, հունվարի 1-ի դրությամբ Ֆրանսիայում մոտ 54 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի բնակչության 80%-ը, 41 միլիոնն էլ կրկնակի պատվաստում է արել։

Քաղաքականություն