«ԼՂ-ում 30,000 երեխա արգելափակված է մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց իրավունքներից». Աննա Հակոբյանի ելույթը Կիևում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին», որտեղ հանդես է եկել ելույքով։

 

Նա նշել է, որ իրենք վերադառնում են «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ իրենք ոգեկոչել են 2022 թ-ի փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։

 

«Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում և ում հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Կարծում եմ մենք՝ մեծահասակներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմներում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- նշել է վարչապետի տիկինը։

 

Ըստ Աննա Հակոբյանի` նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության արդյունքում։

 

Նա նաև նշել է, որ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում.

«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120,000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, ում կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30,000 երեխա տառապում է թերսնուցումից ու սնունդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի արդյունքն է։ 30,000 երեխա արգելափակված է մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»,- շեշտել է նա։

 

Աննա Հակոբյանն նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում շուրջ 2000 հղի զրկված է պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։

 

Վարչապետի տինոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակումը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։

 

Աննա Հակոբյանը կոչ է արել քաջություն դրսևորել և գնահատել յուրաքանչյուր մարդկային կյանք։

Քաղաքականություն