Միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է․ փողոցային առևտուրը՝ Երևանում

Երևանում փողոցային առևտրով զբաղվող մարդկանցից ապրանքի առգրավումը լուրջ արդյունքներ է տվել` ծավալները նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

 

«Խրոնիկ խնդիր է, որի դեմ տարբեր ժամանակներում տարբեր միջոցներով պայքարել են քաղաքային իշխանությունները։ Այս տարբերակը խնդրի վերջնական լուծում չէ, բայց բավական լուրջ արդյունքներ է տվել, հիմա վերահսկողությունն է՛լ ավելի պետք է ուժեղացնել»,– նշել է նա։ 

 

ՀՀ ազգային ժողովը 2023 թ. մարտի 22-ից սահմանափակել է փողոցային առևտուրը Երևանում։ Փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման։ Մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ վաճառականներ են տուգանվել, և նրանց ապրանքն առգրավվել է, սակայն մի քանի օր անց նույն մարդիկ նույն վայրում կրկին առևտուր են իրականացրել։ Լրատվամիջոցը Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվել է` մարդկանց մեկ օրով եկամտից զրկելու իմաստը ո՞րն է, եթե նրանք կրկին շարունակելու են իրենց գործունեությունը։

 

«Սա շատ նուրբ հարց է, միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է։ Այդ մարդիկ պատրաստ են անգամ համայնքային տուգանքներին, որովհետև նրանց աշխատած գումարն ավելի շատ է»,– ասել է նա։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է` այն առևտրականներին, որոնք իսկապես առևտուր են անում օրվա հացի գումար վաստակելու համար (նրանք հիմնականում սեփական այգում աճեցրած գյուղատնտեսական ապրանքը վաճառողներն են) քաղաքապետարանն առաջարկում է առևտուր իրականացնել հատուկ առանձնացված վայրերում։

 

Ինչ վերաբերում է վաճառականներից առգրաված ապրանքին, ապա քաղաքապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ դրանք պահվում են հատուկ պահեստներում, երբեմն էլ հնարավորություն է տրվում, որ վաճառողները հետ բերեն իրենց ապրանքը` կախված նրանից, թե որերորդ անգամ է դեպքը կրկնվում։

Քաղաքականություն