Ամենահավանական արդյունքը կլինի մարդկանց մեծ հոսքը դեպի Հայաստան. Բրոերս. «Ազատություն»

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։

 

«Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն և ունեն անվտանգության շատ լուրջ մտահոգություններ: Այսպիսով, ես կարծում եմ, որ նրանց Ադրբեջանին վերաինտեգրելու նախագիծը կպահանջի տքնաջան բանակցություններ, անցումային միջոցառումներ, իրոք մտածված անվտանգության երաշխիքներ և այլն: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս բանակցությունները տեղի են ունենում բռնության շատ դաժան և ոչ համաչափ դրվագներից հետո։ Այսպիսով, ես կարծում եմ, որ հարցը վստահությունն է։ Ադրբեջանի հայտարարած պարտավորությունները հայ բնակչության լայն շրջանակների կողմից չեն ընկալվում որպես արժանահավատ»,- նշում է փորձագետը: 

 

Բրոերսի կարծիքով՝ ամենահավանական արդյունքը, որը մենք կտեսնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մարդկանց զգալի հոսքը կլինի Հայաստան․ «Եվ այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ և ի վիճակի ընդունելու այդ մարդկանց»։

 

Նրա խոսքով՝ ելնելով նրանից, ինչ մենք տեսել ենք վերջին օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում, իր համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանն իսկապես ցանկանում է, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը մնա․ «Դա կառավարության համար գլխացավանք է լինելու: Եվ դա չի համապատասխանում Ադրբեջանի ռեժիմի տեսակին ու կառուցվածքին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի հավանական է՝ կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան»: 

 

«Իհարկե, Ղարաբաղի հայերի մնալ-չմնալը նույնպես, ցավոք, աշխարհաքաղաքական հաշվարկների հարց է և կապված է ռուսական ներկայության շարունակման հետ։ Եթե Ղարաբաղում հայկական համայնք չմնա, ապա ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության համար արդարացում այլևս չի լինի»,- նշում է փորձագետը։ 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ այնտեղ հայերի խորհրդանշական ներկայություն ամեն դեպքում լինի։ «Բայց Ադրբեջանը ևս սպասում է 2025 թվականին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն երկարաձգել, թե ոչ ռուս խաղաղապահների մանդատը։ Ադրբեջանը ձգտում է, եթե ոչ ամբողջությամբ հրաժեշտ տալ ռուս խաղաղապահներին, ապա գոնե կտրուկ նվազեցնել ռուսական առաքելության բնույթն ու շրջանակը: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք կտեսնենք բնակչության ավելի շատ տեղաշարժեր»:

Քաղաքականություն