Իմ ու ձեր շահն այն է, որ ես ճիշտ դուրս գամ. բանավեճ Մինասյանի ու Քոչարյանի միջև

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է համարում Ամբակում Գրիգորյանին ՀՀ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Նա այդ մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ, և այդ հայտարարությունը ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ բանավիճելու պատճառ դարձավ։


«Ամբակում Գրիգորյանը Մարտի 1-ի քննչական խմբում ամենակարևոր քննիչներից մեկն է եղել։ Ինձ մոտ միգուցե սուր են ընկալումները, սակայն Մարտի 1-ը դրանով փակո՞ւմ ենք, թե՞ բաց է։ Այս գործով բոլոր քննիչները պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ, մանավանդ քրեակատարողական հիմնարկը շատ ծանր ու բարդագույն համակարգ է՝ բարդագույն հարաբերություններով»,- հայտարարեց Քոչարյանը։


Ըստ նրա՝ համակարգում միայն ռեֆորմ անելը շատ քիչ է․ տվյալ ղեկավարը պետք է համակարգին շատ լավ ծանոթ լինի, մանավանդ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում՝ սկսած նրանց սենյակներից, կահավորանքից։


«Այդ բոլոր փաստերը դրվել են պարոն Գրիգորյանի առջև։ Եթե այդ փաստերը շարունակում են գոյություն ունենալ, ուրեմն մենք շատ հեռու ենք «ռեֆորմ» բառից։ Այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է ու այդ հարմարվածությունը պարտադրում է նաև պետությանը։ Պետությունը չի կարող հարմարվել նրանց խաղի կանոններին․ նրանք ներսից չեն կարող կառավարել դրսի պրոցեսները»,- նշեց Քոչարյանը։


Ի պաշտպանություն Ամբակում Գրիգորյանի, որը ՀՀ քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2023 թ․ դեկտեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ այսօր հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, «պագոնավոր» մարդու, որը չի աշխատել համակարգում մինչև 2018 թվականը։


«Անփորձ, նորավարտ մարդ հնարավոր է գտնել, սակայն փորձառուներն աշխատել են նաև մինչև 2018 թվականը։ Ես չեմ ուզենա ամպագոռգոռ խոստումներ տալ, սակայն կարող եմ վստահեցնել, որ Գրիգորյանը շատ անկաշառ ու սկզբունքային ծառայող է` իմ ընկալմամբ։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ ոչ իմ ճաշակով կամ ձեր ճաշակով, այլ աշխատանքով պետք է գնահատել նրան»,- ասաց նախարարը։


Նա կոչ արեց ՔԿՀ նոր պետին ժամանակ տալ, թևութիկունք լինել նրան այդ բարդ գործում, որպեսզի հետո կարողանան վայելել արդյունքը։


«Պարոն Քոչարյան, բնականաբար, կարող են լինել փոխատեղումներ, որոնք ձեր սրտով չեն լինի, քանի որ տվյալ մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում, սակայն դրանք շատ սուբյեկտիվ ընկալումներ են։ Միակ բանը, որի վրա մենք կարող ենք որոշում ու կարծիք ձևավորել, արդյունքն է, մնացած ամեն ինչ սուտ է։ Այս տարվա վերջին դուք այստեղ նստած ասելու եք՝ պարոն Մինասյան, բա ասում էիք սա, ի՞նչ եղավ արդյունքը․․․ Կամ էլ ես եմ ճիշտ դուրս գալու, ասելու եմ՝ պարոն Քոչարյան, տեսա՞ք, որ ստացվեց։ Հուսամ` այս դեպքում իմ ու ձեր շահն այն է, որ ես ճիշտ դուրս գամ, ինչքան էլ դուք պարտվեք»,- ասաց նախարար Մինասյանը։


Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նիստին չի եկել հաղթել-պարտվելու համար, այլ ուզում է, որ և՛ նախարարը, և՛ ՔԿՀ նոր պետը հաջողեն, իսկ հաջողելու համար նրանքպետք է ներդաշնակված աշխատեն բոլոր կառույցների հետ։


«Դուք էլ եք անփորձ էդ համակարգում, ես ավելի փորձառու եմ, քան դուք։ Ռեֆորմներ անելու համար դուք պետք է ունենաք որակյալ թիմ, թիմի ընտրության հարցում կարող եք ունենալ նաև մեր աջակցությունը, նույնիսկ մեկուսարանում նստածների աջակցությունը պետք է ունենաք, քանի որ ամենամեծ ինֆորմացիան այնտեղից պիտի ստանաք, թե ով ինչպես է իրեն դրսևորում, իրենց կյանքն այնտեղ ինչպես է դասավորված, ու այդ կյանքի վրա ծառայողները ինչպիսի ազդեցություն ունեն, քանի որ այդ ազդեցությունը նաև նյութական բնույթ ունի։ Գաղտնիք չէ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում թմրամիջոցների, հեռախոսների շրջանառության միջոցով և այլն»,- ասաց Քոչարյանը։


Վերջում նա ևս մեկ անգամ հաջողություններ մաղթեց նախարարին ու նրա թիմին և դուրս եկավ դահլիճից։

Քաղաքականություն