Առեղծվածային դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ Opel մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Opel մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին հայտնաբերել են ատրճանակ, որի վրա նույնպես կան արնանման հետքեր։


Տարածքը տեղում սահմանազատել են պարեկները։


Կայքի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Մ․-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Ազատության պողոտայում, ինչի համար էլ Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Արդեն տեղում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։


Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։ Դեպքի փաստով Արաբկիրի բաժնից փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։


Կայքի տեղեկություններով, վիրավորը Ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։

Քաղաքականություն