Մարզպետների պարգևատրումը կասկածելի է. Գևորգ Պետրոսյան
Գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք կհայտնաբերեն ու որպես խախտում կարձանագրեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պաստասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում: « Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի փոխարեն ինչո՞ւ է մոտոցիկլ գնել: Այսինքն՝ մենք մեր լիազորությունների շրջանակը պետք է հստակեցնենք: Ձեր նշած տեղեկատվությանը տիրապետում ենք ինտերնետային կայքերի մակարդակով: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետական, տեղական ինքնակառավարման մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով»,-ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանն իրավասություն չունի քննարկել մարզպետի պարգևատրման հարցը: Պատգամավորը միաժամանակ նա նշեց, որ իրենք շահագրգիռ են, որ ոչ նպատակային կերպով ոչ մի լումա չծախսվի: «Գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել և պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի: Կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել, բայց ներկայանում եմ որպես քաղաքական ուժի անդամ: Իհարկե, կարող եմ և իմ անձնական կարծիքը հայտնել, պարգևատրումները գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը: Բայց դա իմ անձնական կարծիքն է»,-ասաց նա:

Քաղաքականություն