ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օսիպյանն առարկել է Սասնա ծռեր խմբավորման անդամների համաներման դեմ
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք է տվել, որի ժամանակ առարկել է ՊՊԾ գնդի գրավման գործով անձանց համաներում կիրառել Հիշեցնենք, որ այս գործով Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի։ Նա 7 օր շարունակ զինված խմբի կողմից պահվել էր գնդում։ «Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ, թե գրավել են: Դա զավթում էր: Տեղեկանալով այս մասին՝ ծառայողական մեքենայով եկա ՊՊԾ գունդ: Հասնելով բաժնի մոտ`տեսա հավաքված մի խումբ ոստիկանների, տեսա անկանոն զինված մի խումբ մարդկանց: Տղաների ձեռքին զենքեր կային`ինքնաձիգեր, ատրճանակներ, տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար: Հասկացա, որ գունդ են մտել, վերցել են մեր կապի միջոցները և մեր հաճախականությամբ կապի մեջ են մտել: Խոսեցի Պավլիկի հետ, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ և զենքերը դնել: Նաև Պավլիկին առաջարկեցի մոտենալ, հասկանալ՝ զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Փորձում էի բացատրել, որ դա ճիշտ չէ: Մեր բանակցությունների ժամանակ խոսակցությունը ձգված տոնայնության մեջ էր, հասկացա, որ անիմաստ է այդ խոսակցությունը. ինձ ասեցին, որ զոհ չկա. ում պետք էր` բժշկական օգնություն են ցույց տվել: Սեդրակը ձեռքը գցեց, որ խլի իմ կապի միջոցը, հետո մեկն ինքնաձիգի կոնդակով գլխիս հարված հասցրեց, 5-6 հոգով ինձ տարան, ճանապարհին գլխիս ստանում էի հարվածներ: Հետո իմացա, որ առաջին հարվածողն Աշոտն էր: Ինձ տարան գունդ: Ներսում տեսա համակարգչի մոտ նստած Վարուժան Ավետիսյանին: Մյուս սենյակում՝ հանգստի սենյակում նկատեցի՝ ձեռնաշղթաներով 8 ոստիկան կար, մեզ էլ կանդալեցին՝ ինձ ու Վարդան Եղիազարյանին: Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել, որ ձեռքերս ազատեն, այնուհետև ինձ տարան դուրս, ձախ թևի վրա Սեթոն էր`Պավլիկի տղան էր, ինքը ոնց որ ներկա-բացակա էր անում: Բարձրախոսը տվեցին իմ ձեռքը, թե հիմա քեզ ստեղ գյուլլում են, դիմի՛ ոստիկաններին, որ գան, միանան մեզ: Ես դիմեցի ոստիկաններին՝ խնդրեցի այս ուղղությամբ չկրակել, իրենք էլ չեն կրակի: Ասեցի`դրանից ավել բան չեմ ասի: Մոլոտով կոկտեյլեր էին պատրաստվում, դիմացի բարձրահարկ շենքում էր շարժ նկատվում: Դրանից հետո նկատեցի, որ ոստիկանական զրահամեքենա ԲՏՌ մտավ գունդ, գունդը զավթած տղաների կողմից կրակահերթ եղավ, հետո իմացա, որ 2-3 ոստիկան վիրավորվել էր: Իմ հեռախոսը թողել էին իմ մոտ, որպեսզի կապը դրսի հետ պահպանեմ: Հարցրի, թե Վանոյան Արթուրն ո՞ւր է, ասեցին՝ չգիտեն: Այդ օրը Վանոյանը հերթապահ էր: Պավլիկ Մանուկյանի հետ բարձրացանք վարչական շենքի իր աշխատասենյակը: Մուտքից պատկերացրի`ինչ է կատարվել. նկատեցի պատի վրայի գնդակի տեղեր, ինքնաձիգի պարկուճներ, արյան հետքեր, ինչքան մոտենում էի աշխատասենյակին՝ արյան հետքերը շատանում էին, պատերին արյունոտ ձեռքերի հետքեր կային, հասկանալի էր, որ վիրավորը պատերից բռնված է քայլել: Հնարավոր չէր ներս մտնել, ամբողջն արյուն էր: Աշխատասենյակում ամենը թափթփված էր: Երբ բարձրացրինք վերմակը, տեսանք Արթուր Վանոյանին`մահացած վիճակում: Զայրացա, հունից դուրս եկա: Պավլիկն ասեց՝ էս ո՞վ է արել, ո՞վ է սպանել: Ես էլ ասեցի` գյուլլող տղա եք, ձեզ ստեղ գյուլլեք, պրծեք: Գնդում մնացինք 7-8 օր պատանդառված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը: Առավոտյան տեղեկացա, որ հարթակ են հատկացրել լրագրողների համար: Շատ-շատերի մոտ կային ինքնաձիգներ, Կալաշնիկովներ ու ատրճանակներ: Տղաներից ոմանց մոտ կային 2-3 ատրճանակներ: Դրանք գնդի հաշվեկշռում եղած զենքերն էին, կային նռնակներ: Նախապատրաստական աշխատանքերը բոլորն էին իրականացրել: Աշխատանքները կոոդինացնում էր Մխիթարը: Հետո իմացա, որ ուզեցել են ինձ գան տանից տանեն, հարցրի`ինչի՞ իմ հետևից պիտի գայիք, ասել են` ամենաճանաչված ոստիկանը դու ես: Մխիթար Ավետիսյանը հենց առաջին պահից աչքի ընկավ՝ նա արնահոսում էր, չէր հասկացվում գլխի՞ց էր, թե՞ ճակատից էր վիրավոր: Հետո նրան վիրակապեցին, ու ամեն օր թարմացվում էր վիրակապը: Մեզ պատմեցին, թե ինչպես է տեղի ունեցել Վանոյանի մահը: Գագիկ Եղիազարյանն ու Պավլիկ Մանուկյանը պատմեցին, որ գունդ մտնելուց ներսից կրակել են, իրենք ասել են` մի՛ կրակեք, իրենք կրակել են: Եթե չեմ սխալվում, Սմբատն է կրակել: Նա զինված է եղել ատրճանականերով, կարաբինով, ՍԿՍ տեսակի, օպտիկական: Հեռախոսները ձեռք էին բերել «Փեթակ» առևտրի կենտրոնից նոր համարներով, որպեսզի չգաղտնալսվեր: Կարո Եղնուկյանի բնակարանում էին կատարել նախապատրաստական աշխատանքները: Յուրաքանչյուրը գնդում հստակ պարտականություն ուներ՝ Գևորգ Իրիցյանը հսկում էր Սարի թաղի ճանապարհը և գնդի հարևանությամբ այգին: Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները մեզ հետ էին, մեզ էին հսկում, նաև Տիգրանն էր հսկում: Գունդը գունդ չէր, ավերած էր, պահեստները խայտառակ վիճակում էին, կոշիկներն ու շապիկները զինված խմբի անդամների հագին էին: Ոստիկան Գագիկ Մկրտչյանը եղել է գնդի հերթապահ, էնտեղ կողմնակի անձ իրավունք չուներ մտնելու, Գագիկը հենց պահեստի մոտ է վիրավորվել, տեղափոխել են հիվանդանոց, շատ ծանր վիճակում էր, չէր կարողանում խոսել: Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած: Հետո իմացա, որ կրակել են տանիքից, դիպուկահար է կրակել, և կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը»,- հարցաքննության ընթացքում պատմել է ՀՀ ոստիկանապետը: Նա նաև ասել է, որ գնդի տարածքում չի կարողացել ազատ տեղաշարժվել: Տեսանյութը՝ Hetq. am-ի։

Քաղաքականություն