Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել և առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականի խմբի անդամ Հայկ Ալումյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։ «Պարոն Քոչարյանը օրենքով պետության կողմից պաշտպանվում է, անընդհատ իր կողքին գտնվում են ԱԱԾ բարձրաստիճան սպաներ», - այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։ Նա նշեց, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարող որևէ մեկին հանդիպել, կամ որևէ մեկը չի կարող այլ կերպ, քան նախապես տեղեկացնելով՝ ժամով, րոպեով, հանդիպել։ Փաստաբանը անհեթեթ համարեց վարկածը, թե ՀՀ երկրորդ նախագահը կարող է թաքնվել քննությունից։ Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։ «Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահը, մինչև Մարտի 1-ի իրադարձությունները, ԵՊՀ-ում ուսանողների առջև հանդես գալուց ասել է՝ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ սպասել մինչև ցույցերը իրենք-իրենցով կդադարեն, երկրորդ՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակի։ Պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը պնդում է ՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։ Փաստաբանն ասաց, թե շուտով Եվրոպական դատարանում շատ գործեր են քննվելու Մարտի մեկով ու եթե ՀՀ կառավարությունը այնտեղ չներկայացնի բոլոր հնարավոր հակափաստարկները, ապա ՄԻԵԴ-ին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարդկանց իրավունքնեը Մարտի մեկին խախտվել են։

Քաղաքականություն