Երգչուհի Շակիրային կդատեն 14.5 միլիոն եվրո թաքցնելու համար
Երգչուհի Շակիրան հունիսի 12-ին իսպանական դատարանի առջև կկանգնի: Նրան մեղադրում են հարկային պարտավորությունները չկատարելու, ունեցվածքն ու գույքը թաքցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը: Նշվում է, որ Բարսելոնայի Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքի դատարանը ընդունել է հարկեր չվճարելու հետ կապված դատախազության 6 կետանոց հայցը: Ըստ դատախազության` Շակիրան իր աշխատած գումարները թաքցրել է 14 ընկերությունների միջոցով, որոնք ստեղծված են եղել Կայմանովյան, Վիրջինյան կղզիներում, Պանամայում և օֆշորային այլ շրջաններում: Խոսքը մոտ 14,5 միլիոն եվրոյի մասին է: Հարկային մարմինը ենթադրում է, որ վերջին 4 տարիների ընթացքում երգչուհին խուսափել է Իսպանիային հարկ վճարելուց, չնայած այն հանգամանքին, որ այն ընթացքում հիմնականում ապրել է երկրի տարածքում: Անցյալ տարի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Շակիրան Իսպանիայի հարկային ծառայությանը բազմամիլիոնանոց տուգանք է վճարել 2011-ից 2014 թթ.-ին հարկերը չվճարելու համար: Հիշեցնենք, որ Շակիրան 2010-ից 2017 թթ.-ին սիրային կապի մեջ է եղել իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ:

Քաղաքականություն