Ավիակերոսինը խառնելով բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը չպետք է շրջանցի նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ ևս առկա են բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել և նույնիսկ մինչև հիմա էլ զբաղվում են օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ և այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին: Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հետ: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ նույն «Մաքս գրուպը» նույնպես ներմուծել է ավիակերոսին՝ օդանավակայանին վերավաճառելու նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր նման գործընթացներ ՀՀ-ի ամենակարեւոր օբյեկտներից մեկում առանց նախկին եւ ներկա պաշտոնյաների իմացության եւ հնարավոր հանցավոր անգործության»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն