Լավրովը Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները

Հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցով նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:

«Զրույցի ընթացքում նախարարները հանգամանորեն քննարկել են իրավիճակի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնամասշտաբ մարտական գործողությունների առնչությամբ և կողմերին կոչ են արել լիովին դադարեցնել կրակն ու հասնել լարվածության ապաէսկալացիայի: Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովն ու Լե Դրիանն ընդգծել են հակամարտող կողմերի քաղաքական կամք դրսևորելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն:

Քաղաքականություն