Ղրղզստանի իշխանությունների արձագանքը՝ երգչին ահաբեկիչ որակելու վերաբերյալ

Ղրղզստանի իշխանությունները նոտա են հղել Ղազախստան՝ կապված այդ երկրի անվտանգության ուժերի կողմից Ղրղզստանի քաղաքացու ձերբակալության հետ՝ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով։ Լրագրողներին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով` ղրղզական կողմը «վիրավորված է» Ղրղզստանի «հարգարժան քաղաքացու, երաժշտի և հասարակական գործչի» հասցեին Ղազախստանի իրավապահների անհիմն մեղադրանքներից։ Նա վստահություն է հայտնել, որ Ղազախստանում կալանավորված ղրղզ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը չի կարող ահաբեկիչ լինել։

«Ամենայն հավանականությամբ, նա կարող էր սխալ պահին հայտնված լինել սխալ տեղում»,- ասել է ԱԱԾ ղեկավարը։

 

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովն ասել է, որ չի բացառում հանրապետության քաղաքացիների մասնակցությունը Ղազախստանի անկարգություններին։

 

Հիշեցնենք՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվածներից մեկը տեղական հեռուստատեսության եթերում պատմել է, որ ինքը ժամանել է Ղրղզստանից, և որոշ մարդիկ նրան առաջարկել են 200 դոլարով մասնակցել հանրահավաքին: Նրա հետ միասին եղել են մարդիկ Ուզբեկստանից և Տաջիկստանից։ 

 

Նշենք նաև, որ Բիշքեկում Ղազախստանի դեսպանատան մոտ հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն ձերբակալվածի: Տեղի բնակիչները, այդ թվում ՝ ղրղըզ արտիստներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են ազատ արձակել երաժիշտին։

Պատահարներ