«Կներեք, ոչ ոք կաշառք չի տալիս և ստանում անկանխիկ». Փաշինյանը` կանխիկի շրջանառության կրճատման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության  պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի  Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք:

 

Վարչապետ Փաշինյանը իր խոսքում անդրադարձավ նաև անկանխիկ շրջանառության մեծացմանն ու կանխիկ շրջանառության կրճատմանը. 

«Ուզում եմ հատկապես կարևորել, այս հանգամանքին ուշադրություն հաճախ չի դարձվում, բայց, օրինակ, կանխիկի շրջանառության կրճատման օրենսդրությունը էական նշանակություն ունի հակակոռուպցիոն պայքարում, որովհետև, կներեք, ոչ ոք կաշառք չի տալիս և ստանում անկանխիկ: Չնայած արդեն նշվեց կրիպտոարժույթների պարագան, բայց, համենայնդեպս, դա հետագծելի է, կարելի է նաև ավելի տեսանելի դարձնել:

Ուզում եմ արձանագրել, որ մենք հակակոռուպցիոն պայքարի շատ էական ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում: Այո, մենք 2018 թվականին, 2019 թվականին անընդհատ դրա վրա աշխատում էինք, բայց նաև այս կա, որ ենթադրենք մի իշխանություն կամ կառավարություն կարող է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի կամք, մյուս կառավարությունը կարող է ունենալ պակաս կամք: Շատ կարևոր է, որ անհատների կամքից կախված չլինի երկրում կոռուպցիայի պայքարի ոչ թե մակարդակը, որովհետև տարբերություններ միշտ էլ կլինեն, այլ մեծ հաշվով լինի մի նշաձող, որից ներքև չի կարող իջնել երկրում հակակոռուպցիոն պայքարը:  

 

Այս ամենն ասում եմ հետևյալի համար. եթե մինչև հիմա մենք ունեցել ենք ամենատարբեր օբյեկտիվ պատճառները և պատճառաբանությունները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բավարար խորություն չունի, և ինչու Հայաստանում կոռուպցիայի հասցրած վնասների պատշաճ վերականգնում չկա, հիմա այսօր, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ամբողջությամբ համալրված չէ, այսինքն՝ դեռևս թափուր հաստիքներ կան, պարզ է, որ աշխատանքի մեջ դեռ դժվարություններ կան, բայց ուզում եմ ասել, որ մենք՝ հանրության առաջ և ինքներս մեր առաջ, մենք էլ հանրության մաս ենք և մեզ եկեք այս առումով չտարբերենք հանրությունից, մենք հիմա բոլոր ինստիտուցիոնալ հիմքերը ձևավորել ենք: Եթե այն ժամանակ ասվում էր, որ օրենսդրական խոչընդոտներ կան՝ սկսած բանկային գաղտնիքից շարունակած այլ հանգամանքներով, ապօրինի գույքի բռնագանձում և այլն, այժմ այդ բոլոր մեխանիզմները ստեղծված են, և ես Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով, բայց ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է շատ կոնկրետ արդյունքներ ցույց տանք:

Շատ լավ է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված արդեն կոնկրետ գործեր գնացել են դատարան: Հույս ունեմ, որ մեր օրենսդրությունը բավարար չափով բարեփոխված է, որպեսզի նախադեպեր ստեղծվեն, և գործընթացները պատշաճ ձևով առաջ գնան: Կրկին ուզում եմ ասել, ընդգծել և ուրախ եմ, որ գործնականում դա նաև ապացուցվել է. մենք բազմիցս ենք ասել, որ կոռուպցիայի վերաբերյալ, այսինքն՝ ոչ միայն կոռուպցիայի, մնացած բոլոր դեպքերում էլ օրենքի կիրառության առումով մեզ համար չկա նախկին իշխանություն և ներկա իշխանություն: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է անվերապահորեն իրականացվի»,- մասնավորապես նշել է Փաշինյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ