Հայ հասարակությունում Արցախի հարցով խոր անտարբերություն եմ տեսնում. Բեգլարյանի ասուլիսը

 Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ինչպես հայտնի է, նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Այժմ մեկնարկել է նրա մամուլի ասուլիսը։

 

«Շրջափակումն ու գազամատակարարման դադարեցում ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է։ Սա միջազգային իրավունքով իր գնահատականը ունի։ Սա ամբողջ մի ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է։ Ի դեպ, խոսքը ոչ միայն հոգեբանական ահաբեկչության մասին է, այլ նաև կենսական իրավունքների ու շահերի տեսանկյունից սա կարող ենք որակել ահաբեկչություն։ Սա Արցախի հայ բնակչությանը տանում է ոչնչացման, էթնիկ զտման։ ՄԱԿ-ը պիտի ու պարտավոր է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, իսկ իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

 

«ՄԱԿ-ը պիտի արձագանքի, այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով։ Իմ նստացույցի երկրորդ հասցեատերը հայաստանյան հասարակությունն է։ Քանի որ հայաստանյան հասարակությունում ես տեսնում եմ խորը անտարբերություն, անօգնականության զգացողություն, երբեմն նաև կարող եմ ասել Արցախի արժեզրկում։  Ես Արցախի արժեքը չընկալելու խնդիր եմ տեսնում։ Արցախը բացառիկ արժեք է ու բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Թե ինքնության, թե անվտանգության տեսանկյունից այո, հայ ժողովրդի համար Արցախը իրոք բացառիկ նշանակություն ունի։ Մոնթեի հայտնի խոսքերը, թե եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը, սա նաև հենց այս օրերի համար է ասված»,- հավելեց նա։

 

Քաղաքականություն