Բողոքի ցույց Թուրքիայում` ընդդեմ Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ դատավճռի

Դեկտեմբերի 15-ին հազարավոր թուրք բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կիրառված պատժի դեմ, որը համարվում է երկրի գործող նախագահի մրցակիցը 2023 թվականի ընտրություններում։  Reuters-ի փոխանցմամբ՝ հավաքվածները վանկարկել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) քննադատող կարգախոսներ։

 

Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարների բազմությունը հայրենասիրական երգերի հնչյունների ներքո ծածանել են դրոշներ։ 

 

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները ելույթ են ունեցել Ստամբուլի Սարաչանե թաղամասի զբոսայգում անցկացված հանրահավաքում։  Մասնավորապես, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ընդհատել էր իր այցը Գերմանիա՝ դատավճռի պատճառով, ներկաներին վստահեցրել է. «Մի անհանգստացեք, մենք գալու ենք իշխանության»։

 

Մեկնաբանելով դատավճիռը՝ նա հայտարարել է, որ «արդարությունը այժմ Թուրքիայում դարձել է հիմնարար խնդիր»։

 

Ինքը՝ Իմամօղլուն, դատարանի որոշումը անվանել է «խորապես անօրինական» և «ապացուցող, որ այսօրվա Թուրքիայում արդարադատություն չկա»։

 

 Նա կոչ է արել ընտրողներին «պատասխանել» այս դատավճռին 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններում։  

 

«Ես հավատում եմ, որ հասարակությունը կկառուցի ընդհանուր ապագա։  Ես չեմ վախենում այն ​​որոշումներից, որ իրենք են թելադրում։  Իմ բախտը շատ է բերել, իմ թիկունքում ստամբուլցիներն են, իմ թիկունքում 16 միլիոն ստամբուլցի է»,- իր կողմնակիցներին ասել է Ստամբուլի քաղաքապետը։

 

Հայտարարելով այսօրվա հանրահավաքի մասին՝ նա իր Twitter-ում գրել է.«Դատավճիռը հարձակում է Ստամբուլի միլիոնավոր բնակիչների կամքի վրա, ովքեր երեք տարի առաջ ժողովրդավարական ճանապարհով ընտրել են իրենց քաղաքի քաղաքապետին»։

Քաղաքականություն

Պատահարներ