Ռուսաստանը նոր ուժեր է պատրաստում հերթական հարձակման համար` այդ թվում նաև Կիևի ուղղությամբ. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Ռուսաստանը զինվորական անձնակազմ է պատրաստում և զենք կուտակում Ուկրաինայի դեմ նոր հարձակման համար, որը կարող է սկսվել հունվարին, փետրվարին կամ ավելի մոտ գարնանը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 15-ին։


Զալուժնին լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին Կիևը գրավելու ռուսական զորքերի փորձը «ճիշտ որոշում» է անվանել ռազմական առումով։ Նա նշել է, որ այդպես էլ կվարվեր, քանի որ մայրաքաղաքը վերցնելն իր նպատակին հասնելու ամենահեշտ ճանապարհն է։

 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կարծում է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն այլընտրանք չուներ, և նահանջից հետո նա «կենտրոնացավ Դոնբասի վրա»՝ պահպանելու համար մնացած ռեսուրսները։ Արդյունքում, Ուկրաինայի զինված ուժերի համար, ըստ Զալուժնիի, այսօր Դոնբասում իրավիճակը «բարդ է»։ Բայց ռուսական բանակի համար սա ընդհանուր առմամբ ռազմավարական անհույս իրավիճակ է։

 

Սա հասկանալը պատճառներից մեկն է, թե ինչու է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը ակնկալում ռուսական ուժերի հարձակումը 2023 թվականին և վստահ է, որ ռուսները, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, «նոր ռեսուրսներ են պատրաստում ինչ-որ տեղ` Ուրալից այն կողմ»:

 

Զալուժնին Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական խնդիրներից է տեսնում ինտենսիվ ռազմական գործողությունների նախապատրաստումը, որոնք կարող են սկսվել փետրվարին։ Գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար կարևոր է, որ կարողանա պատերազմել թարմ ուժերով և ռեզերվներով։
 

Նա նշել է, որ ուկրաինական զորքերը այժմ հյուծված են մարտերում և «արնահոսում եմ»՝ մարտնչելով հրամանատարների քաջության, հերոսության և իրավիճակը վերահսկողության տակ պահելու կարողության շնորհիվ։

 

Ուկրաինայի զինված ուժերի համար վատագույն դեպքում, Զալուժնին կարծում է, որ ռուսները հունվարին ավելի կակտիվանան՝ Ուկրաինայի Զինված ուժերին ավելի քիչ ժամանակ թողնելով ռեզերվներ պատրաստելու համար։ Լավագույն դեպքում՝ մարտին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կանխատեսում է, որ ռուսական հարձակումը կարող է սկսվել ոչ թե Դոնբասից, այլ ուղղված լինել Կիևին, այդ թվում՝ Բելառուսից։ Նա չի բացառում հակառակորդի հարձակումը հարավից։

 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կատարել են բոլոր հաշվարկները՝ քանի տանկ, հրետանի և այլ ռեսուրսներ են անհրաժեշտ ռուսական կողմի հարձակումը հետ մղելու համար։ Իր խոսքով` այժմ ավելի կարևոր է կենտրոնանալ ոչ թե ընթացիկ կարիքների վրա, այլ ռեսուրսների կուտակման վրա ավելի երկարաձգված և դժվարին մարտերի համար, որոնք կարող են սկսվել հաջորդ տարի։

Քաղաքականություն

Պատահարներ