«Վստահ եմ, որ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի և Արցախի կապը». ակցիա՝ դեսպանատների առջև

 Շարունակվում են ի աջակցություն Արցախի ակցիաները՝ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը, Արցախի և Հայաստանի միջև անխափան կապի վերականգնմանը։

ՄԱԿ գրասենյակի, ԱՄՆ, Չինաստանի դեսպանատների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիաներ իրականացնելուց հետո մասնակիցները հավաքվեցին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ 

 

«Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կարող է ձեռնարկել բոլոր գործողությունները, որ վերականգնվի Հայաստանի և Արցախի կապը։ Ադրբեջանցիների գործողությունները նաև ուղղված են ռուս խաղաղապահների հեղինակազրկմանը։ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա»,– ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

Նա շեշտեց՝ Ադրբեջանի գործողությունների նպատակն է հող նախապատրաստելը, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերվեն Արցախից, և Արցախի ժողովուրդը զրկվի անվտանգության երաշխիքներից։

 

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։

Ես վստահ եմ, որ դա Ռուսաստանի Դաշնությունը կարող է անել։ Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը դա ուզում է անել, և ես, որպես Արցախի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, որը նաև շատ շփումներ է ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, ովքեր իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։

Ուզում եմ նորից դիմել այս մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում, հենց այս պահին վերականգնվի մայր Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը, և հայ ժողովրդի երկու հատվածները կարողանան միանալ իրար, որպեսզի վերջ դրվի մեր ժողովրդի իրավունքների այս լայնածավալ խախտումներին»,- հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ